ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կգտնվե՞ն արդյոք անհրաժեշտ միջոցները

Կգտնվե՞ն արդյոք  անհրաժեշտ միջոցները
04.11.2016 | 00:50

Օրենսդիրն ու գործադիրը այս օրերին լարված աշխատում են գալիք տարվա պետբյուջեի նախագծի շուրջ: Թեժ քննարկումները արդարացված են, քանի որ, մի կողմից, առջևում ընտրություններ են, մյուս կողմից՝ քննարկվող փաստաթուղթը սպասարկելու է սոցիալ-տնտեսական օրախնդիր հարցեր: Առանձնակի աճ եկամտային մասով նախատեսված չէ, ավելին, նշվում է, որ այս տարվա եկամուտները նախատեսվածից քիչ կարող են լինել: Արդյոք կառավարությունը կկարողանա՞ ներգրավել այն անհրաժեշտ ներդրումները, որոնք կաշխուժացնեն տնտեսությունը:

«ԵԹԵ ՈՐՊԵՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԴԻՏԱՐԿՎԵՐ ՊԱՐՏՔԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ, ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ»

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

(ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապետ)


-Պետբյուջեի նախագծով եկամուտների որոշակի աճ, ծրագրային ցուցանիշների համեմատ, նախատեսված է,- ասաց փոխնախարարը:- 2017-ին սպասվում են տրիլիոն 135 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, 2016-ի տրիլիոն 129 միլիարդի դիմաց: Իրականացվել և իրականացվում են ուսումնասիրություններ մուտքերի ապահովման մասով: Այս ամենի ավարտին պարզ կդառնա, թե ինչու այս տարվա եկամուտները կարող են ցածր լինել նախատեսվածից: Եթե ելնենք ներկա իրավիճակից, ապա պետք է ասենք, որ 2017-ի ծրագիրը բավականին հավակնոտ է, որի իրականացման համար պետք է ջանքեր գործադրենք: Ինչ վերաբերում է ներդրումների ներգրավման հնարավորությանը, ապա տնտեսությունը մեկ ամբողջական օրգանիզմ է և ինքնուրույն դժվար թե առաջ շարժվի: Կառավարությունը ներկայացրել է գործունեության ծրագիր, դրան հաջորդող ծրագրերը «միս ու արյուն» պետք է ստանան և վերածվեն կոնկրետ գործողությունների, ինչի համար պետք է շատ աշխատել: Հույս ունեմ, որ արդյունքում ունենալու ենք առողջացած տնտեսություն: Եթե այսօր որպես գերակայություն չդիտարկվեր պետական պարտքի կայունացման հարցը, դա ավելի վտանգավոր կարող էր լինել: Չեմ էլ ցանկանում ասել, թե ինչ բացասական հետևանքներ կարող էինք ունենալ: Իհարկե, հասկանում եմ նաև խնդրի շուրջ բերվող հակափաստարկները, անհանգստությունները, սակայն կայունության և աճի միջև բալանսը չպետք է խախտվի: Եթե այն խախտվի, ապա ստիպված ամեն բան պետք է նորից սկսենք: Այսօր մենք կարողանում ենք սպասարկել նշված պարտքը, սակայն չպետք է թույլ տալ լրացուցիչ վտանգների առաջացում: Դրանով պայմանավորված պետբյուջեի նախագծում դեֆիցիտը կազմում է 2,8 տոկոս:
-Պարոն Ջանջուղազյան, այնուհանդերձ, եթե կառավարությունը չկարողանա ներգրավել անհրաժեշտ ներդրումներ, այդ դեպքի համար կա՞ մշակված ծրագիր, որ տնտեսությունն ավելի անկում չապրի:
-Վերջին երկու տարիներին այդպես էլ վարվել ենք: Այդ ուղղությամբ կիրառվող գործիքները շատ չեն՝ կամ պետք է հարկերն ավելացվեն, ծախսերը կրճատվեն, կամ էլ պարտք վերցնել է պետք: Հավանաբար, ճիշտ մոտեցումը այս երեք գործիքների համադրությունն է: Գաղտնիք չէ, որ հարկ հավաքել կարելի է այնքան, որքան որ գեներացվում է: Եթե կրճատվեն այն գործառույթները, որոնք պետությունը պարտավոր է անել, կդադարի համարժեք լինելուց, և եթե պարտքի չափը վտանգի կայունությունը, ապա չես կարող կառավարել կանխիկ հոսքերը: Այժմ պետք է այս բոլորի համադրությամբ աշխատենք:

«ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾԸ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՅՈՒՋԵ Է»

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
(ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ)


-Պարոն Մարգարյան, ըստ Ձեզ՝ 2017-ի բյուջեի նախագիծը մարզերի զարգացման առումով ի՞նչ առանձնահատկություն ունի:
-Ներկայացված բյուջեի նախագիծն առանձնապես չի տարբերվում այս տարվա բյուջեից: Ըստ էության, այն պահպանման բյուջե է:
-Չե՞ք կարծում, որ տեղերում մարզպետները ևս պետք է փորձեն ակտիվ ներդրողներ ներգրավել և շահագրգռված լինեն իրենց մարզերի զարգացմամբ:
-Քանի որ մարզպետարանը կառավարության մասն է մարզում և ինքնուրույն օղակ չէ, հետևաբար պետք է իրականացնի կառավարության ծրագրերը: Պետբյուջեով նախատեսված համահարթեցման դոտացիան տրամադրվում է համայնքին և, բնականաբար, դրա չափը կարևոր է զարգացման հարցում: Սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ հատկացվող գումարները մեծ չեն, որ ապահովեն համայնքների զարգացումը: Խնդրի լուծումը, կարծում եմ, համայնքների զարգացման մշակված ծրագրերի իրականացման մեջ է, որը պետք է կատարվի ըստ մարզերի: Այդ դեպքում մենք կարող ենք գնահատել մարզպետների գործունեության արդյունավետությունը:
-Տարիներ շարունակ բոլորը, այդ թվում՝ Դուք, կարևորում եք այդ ծրագիրը, բայց... Օրինակ Դուք, որպես օրենսդիր և տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ, չե՞ք կարող ընդհանուր դրույթներով օրինագիծ մշակել և ներկայացնել կառավարությանը:
-2012-ին Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք այդ հարցը բարձրացրել և ներկայացրել եմ լուծման տարբերակ: Այն այժմ առավել ակտուալ է: Այս պահին մենք այլ գործիքներ կամ ֆինանսական մեծ հնարավորություններ, ցավոք, չունենք, սակայն համոզված եմ, որ կիրառելով հարկային ճիշտ քաղաքականություն, կարող ենք նպաստել մարզերի զարգացմանը: Հարկային արտոնություններ տրամադրել ոչ թե այս կամ այն ընկերությանը, այլ ցանկացած ընկերության, որը մարզում կստեղծի սահմանված չափով աշխատատեղեր, կիրականացնի ներդրումներ: Ինչ վերաբերում է մեր օրենսդրական նախաձեռնությանը, ապա, իհարկե, մենք կարող ենք մշակել ծրագիր, սակայն դա ճիշտ չի լինի, քանի որ նման ծրագիրը ենթադրում է պետության բոլոր հնարավորությունների ներգրավում:
-Այդ դեպքում եկեք խոսենք կառավարության ծրագրից, քանի որ մինչ դրա հաստատումը ինձ հետ զրույցում Դուք ասել էիք, որ չեք կարող գնահատել կառավարության քայլերը, քանի որ չգիտեք՝ ինչ ծրագրեր է ենթադրում տարածքային կառավարման զարգացման համար: Այսօր, երբ կառավարության ծրագիրը հաստատված է, և քննարկվում է 2017-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, հետաքրքիր է Ձեր գնահատականը:
-Հիշում եմ մեր զրույցը և ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ ժամանակ ես նշեցի, որ կարևոր հարց է, թե ինչ չափով է կառավարության գործունեությունը ինքնուրույն: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա, այո, այն բավականին լավ կետեր պարունակում է, և մեր «Համախմբում» կուսակցությունն իր հավաքական տեսակետը ներկայացրել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Մի կողմից՝ ցանկալի կլիներ, որ որոշ կետեր ավելի հստակ լինեին, մյուս կողմից, հասկանալի է, որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: 2017-ի ապրիլյան ընտրություններից հետո ձևավորվելու է նոր կառավարություն, այս պարագայում, իհարկե, դժվար է ծրագրային բոլոր կետերը կոնկրետացնել:


Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ